38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հեռուստաներկայացում, որ լսելի դարձրեց «լուռ ցավերը»

Հեռուստաներկայացում, որ լսելի դարձրեց «լուռ ցավերը»
11.06.2024 | 20:07

Հեռուստաթատրոնի գանձարանում կա մի արժեք. Գրիգոր Զոհրապի հայտնի նովելի հիման վրա բեմադրված համանուն ֆիլմ-ներկայացումը ՝ «Զաբուղոն» («Գիշերվան մարդը»):

Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն»՝ «Գիշերվան մարդը», բեմադրվել է 1989 թվականին՝ ստանալով ֆիլմի կատարյալ դրսևորում: Բեմադրող ռեժիսորը գտել էր այն բանալին, որով բացել էր ամբողջ ստեղծագործության ՝ նովելի գրված ու չգրված ասելիքը: Ստեղծեց Գրիգոր Զոհրապի իրապաշտությանը համահունչ և արժանի մի գործ՝ արտացոլելով մարդկային հոգու թաքուն խորշերը:

Բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի բեմադրած «Զաբուղոնը» ստացավ իր գեղագիտական ու փիլիսոփայական դրսևորումները: Տեսաֆիլմի հետևում դարձալ տաղանդավոր թիմն էր ու մեր հրաշալի արտիստները:

Ահա այն նվիրյալների անունները, որոնց շնորհիվ այսօր ունենք «Զաբուղոն»՝ «Գիշերվան մարդը», որը դիտելիս ամեն անգամ մի նոր՝ թաքնված ասելիք ենք գտնում, ինչպես Գրիգոր Զոհրապի նորավեպերը պարբերաբար ընթերցելիս:

Սցենարի հեղինակը Հայկ Վարդանյանն էր:

Բեմադրող օպերատոր՝ Բորիս Պետրոսյան:

Բեմադրող նկարիչ՝ Աշոտ Համբարձումյան:

Հնչյունային ռեժիսոր՝ Արեգ Գրիգորյան:

Երաժշտական ձևավորող ՝ Հայկ Ներսիսյան:

Կինոհնարքները՝ Մարտին Մելքոնյանի:

Դիմահարդար՝ Աղավնի Խաչատրյան:

Խմբագիր՝ Մարուսյա Մարտիրոսյան:

Գլխավոր հերոսին ՝ Զաբուղոնին անկրկնելի մարմնավորել է Մուրադ Ջանիբեկյանը՝ ստեղծելով մի բարդ կերպար իր ամբողջ ներքին կյանքով: Նրա սիրած աղջկա՝ Վասիլիկի դերում հանդես է գալիս Նարե Հայկազյանը՝ հրաշալի դերասանուհի, ով իր խաղի ինքնատիպ ոճով ստեղծեց իր հերոսուհու կերպարը. սեթևեթ, երբեմն՝ վախվորած, բայց միշտ ինքնագոհ:

Վահրամ Նազարեթյանը խաղաց նյութական արժեքներով տարված այն տղային, ում հետ Վասիլիկը դավաճանում է Զաբուղոնին:

Տեսաֆիլմում նրա անունը Հակոբ է:

Բեմադրությունը որքան բխում է Գրիգոր Զոհրապի ստեղծագործության մաքուր ակունքից և նույնքան էլ հարազատ է բնագրին, կան ռեժիսորի կողմից հավելված տեսարաններ և կերպարներ, որոնք լրացնում և նոր շեշտադրում են հաղորդում նովելին :

Եվ այսպես մեր մյուս արտիստները իրենց խաղով և տեսարաններով հարստացրել են ֆիլմը՝ հեռուստադիտողին տանելով Գրիգոր Զոհրապի նորավեպի խորախորհուրդ աշխարհը, առաջադրել բազում հարցեր, որոնց պատասխանները նախկինում գուցե չէինք գտել:

Վանահոր դերը կատարում է Վահան Արծրունյանը:

Վասիլիկի մոր դերում Ջեմմա Մարտիրոսյանն է:

Քրեական խմբավորման ղեկավարի կերպարը մարմնավորել է Արսեն Փոլադովը՝ ստեղծելով խիստ բացասական հերոսի:

Խանութներից մեկի տիրոջ էպիզոդիկ, բայց ֆիլմի մթնոլորտի համար կարևոր նշանակության կերպարը խաղում է Կարպիս Շամլյանը:

Գուրգեն Սեդրակյանը խաղում է թուրք բանտապետին՝ իր կերպարի մատուցումը հասցնելով ցինիզմի ու գրոտեսկի:

Արթուր Միրզոյանը մարմնավորել է հանցավոր խմբավորման անդամներից մեկին: Բանտի հույն տղայի դերում Մովսես Գասպարյանն է:

Էպիզոդներում հանդես են գալիս Սեդրակ Գույումջյանը, Նորայր Համբարձումյանը, Հովհաննես Աբրահամյանը, Սամվել Հարությունյանը, Մինաս Վարդանյանը, Խաչատուր Պոզոյանը և ուրիշներ:

«Զաբուղոնը» իր բնույթով տեսաֆիլմ է, որը հնարավոր չէր իրականացնել ստուդիայի պայմաններում: Հարկավոր էր այն ստեղծել իրակա՛ն միջավայրում, որը կարտահայտեր ստեղծագործության մթնոլորտը:

Ստեղծագործության բոլոր շերտերը բացահայտող դետալներից ուշագրավ են հատկապես այն դրվագները, որտեղ Մուրադ Ջանիբեկյանի հերոսի հոգում շարունակ հնչում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը՝ կարծես ամբողջացնելով ինքնաքննության ճանապարհ անցնող ու դարձի եկող մարդու հոգեկան աշխարհը: Եվ նույնքան էլ ուշագրավ է բեմադրող ռեժիսորի մեկնաբանությունը այս առթիվ.

- Ես անընդհատ ինքս ինձ հարց էի տալիս. կարելի՞ է, ի վերջո, նման բան անել, թե՞ ոչ:

Հետո ուզում էի ցույց տալ, որ նա հոգու խորքում ազնիվ է, ինչպես մատուցում է Գրիգոր Զոհրապը:

ՈՒզում էի որևէ համարժեք բան գտնել դա ընդգծելու համար:

Եվ Մուրադ Ջանիբեկյանի հետ մենք գտանք Ներսես Շնորհալու ՝ դարերի խորքից եկած հռչակավոր ՝ «Հավատով խոստովանիմ» աղոթքը:

Եվ իսկապես: «Գիշերվան մարդը» («Զաբուղոն» ) տեսաֆիլմը Գրիգոր Զոհրապի գեղագիտության և արդարամտության դրոշմն ունի:

Բարի դիտում, հայրենակիցներ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8580

Մեկնաբանություններ